Ինչպե՞ս է գնահատում ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն Հայաստանի ներքին վիճակը: Այսօր լրագրողները մամուլի ասուլիսում այս հարցն ուղղեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին: Անրի Ռենոն ասաց, որ ընդունված կարգ չէ, որ դեսպանները գնահատեն մեկ այլ երկրի վիճակը: Նա միայն նշեց, որ Հայաստանի առջև ծառացած են արտաքին մարտահրավերները:
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին և այն հարցին, թե կառավարման որ մոդելն է նախընտրելի, ապա Անրի Ռենոն արձագանքեց, որ կառավարման մոդելի արդյունավետությունը պետք է փնտրել պատմական, քաղաքական մշակույթի ակունքներում:
«Յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոնի իր համար հեռանկարային համարվող տարբերակը, որը կարող է նպաստել իր առաջընթացին»,- ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը:
Անրի Ռենոն նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում նկատում է առաջընթաց տարբեր ոլորտներում, և առանձնացրեց հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը:
Պարզվեց, Անրի Ռենոյին մտահոգում են հատկապես կանանց նկատմամբ բռնությունները, որոնք այսօր առկա են նաև Ֆրանսիայում: Նա նշեց, որ Ֆրանսիայում երեք օրը մեկ երկու կանանցից մեկը բողոք է ներկայացնում իր ամուսնու կամ կողակցի գործած բռնությունների դեմ: